Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Ընտրություններին կա մոտ 100 օր, և այդ ընթացքում շատ բան կարելի է փոխել

Ընտրություններին կա մոտ 100 օր, և այդ ընթացքում շատ բան կարելի է փոխել
06.03.2026 | 19:03

Հանրային դաշտը բուռն փոթորկվում է և բանավեճի մեջ է մտել Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute)՝ ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրության հերթական զեկույցի շուրջ։ «Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)»՝ նշված է զեկույցում։

Առհասարակ, IRI-ի հարցումները միշտ են քննարկման առարկա դառնում, քանի որ դրանք քիչ թե շատ արտացոլում են առկա պատկերը։ Իշխանությունը փորձում է դա ներկայացնել որպես «հաղթանակ», իսկ ընդդիմությունը՝ որպես իշխանության «ձախողում»։ Ըստ իս, երկուսն էլ սխալ են։

Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա հետևյալ պատկերը։

Հարց. «Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում։ Իսկ ո՞վ է երկրորդ ամենավստահելին»։

«Ոչ ոքի՝ 48%»։

Ընդ որում, 18-35 տարեկանները, այսինքն՝ երիտասարդության 63%-ը, ոչ ոքի չի վստահում։

Մյուս հետաքրքիր հարցի կարևոր պատասխանը:

Հարց. «Խնդրում եմ ասեք, թե որ քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի»։

«Չի որոշել / Դժվարանում է պատասխանել՝ 30%»։

Ի վերջո, ինձ համար ամենից հետաքրքիր դրվագը.

«Որքանո՞վ կարևոր կամ անկարևոր են հետևյալ հարցերից յուրաքանչյուրը Ձեր քվեի որոշման համար»։

Հարցվածների 92%-ը նշել է, որ շատ կարևոր են բանակին վերաբերող հարցերը։ Հարցվածների 80%-ն էլ Ադրբեջանը համարում է սպառնալիք Հայաստանի համար։

Ի՞նչ է ստացվում. հարցվածների մեջ կա 30% չկողմնորոշված, որոնց մեծ մասը հենց երիտասարդներն են։ Այստեղ է ընդդիմության խնդիրը, ոչ թե պետք է գնալ Փաշինյանի աջակիցների ուղղությամբ, քանի որ, եթե այսքանից հետո մարդը որոշել է, որ ուզում է ընտրել «Քանդենք պետությունը» կուսակցությունը, ուրեմն այդ մարդկանց պետք է ուղղակի հանգիստ թողնել։ Ոչ թե որակումներ տալ, պիտակավորել, այլ թողնել հանգիստ։ Գնացեք ու փորձեք շահել չկողմնորոշված և մեծ տոկոս կազմող ընտրողների սրտերը, փորձեք քաղաքական դաշտի հանդեպ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ։ Դա հեշտ չէ․ իրենք այլ սերնդից են, իրենց ալգորիթմների և հետաքրքրությունների մեջ մտնելը բարդ է։

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը։ Այսօր իշխող ուժը այս թեմայով թակարդ է ստեղծել ընդդիմության համար. ով բանակից ու հզորացումից խոսի, Ալիևի հետ ձայն-ձայնի տված կորակեն որպես «ռևանշիստ», «խաղաղության ընդդիմադիր», «խաղաղությունը կործանող»։ Այս թակարդի մեջ շատերն են ընկել, հատուկենտ մարդիկ են խոսում անվտանգությունից, ներկայացնում ծրագրեր անվտանգության մասին։ Մինչդեռ նույն Փաշինյանը պատրաստվում է ռազմական շքերթ անել մայիսի 28-ին։ Ինչու՞։ Քանի որ ուզում է գոյություն չունեցող ուժը ցույց տալ։ Ինչու՞։ Քանի որ գիտի՝ մարդկանց մեծ մասը Ադրբեջանը դիտում է որպես սպառնալիք և ուզում է ուժ տեսնել։

Ուստի խորհուրդներիս շարքը կամփոփեմ հետևյալ կերպ. խոսեք բանակից, հզորացումից և դրանց վերաբերյալ ձեր ծրագրերից, հարգելի ընդդիմադիրներ, պայքարեք հենց չկողմնորոշված մեր քաղաքացիների վստահությունը շահելու ուղղությամբ։ Ընտրություններին կա մոտ 100 օր, և այդ ընթացքում շատ բան կարելի է փոխել, եթե պայքարի ուղղությունները ճիշտ ընտրվեն։ Քաղաքականությունը խելքի, մտքի և համառության մասին է։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ